Ամերիկյան Tesla կորպորացիան պատրաստվում է ռոբոտացված տաքսին ներկայացնել Հոլիվուդում, հայտնում է Bloomberg-ը։
Ընկերության հետ կապված աղբյուրները հայտնել են, որ Tesla-ի ռոբոտաքսիի շնորհանդեսը տեղի կունենա Warner Bros. ստուդիայում, հոկտեմբերի 10։ Այն գտնվում է Քալիֆորնիայի Բըրբենք քաղաքում, կինոստուդիայի տաղավարները 44,5 հա տարածք են զբաղեցնում։ Այստեղ են նկարահանվել բազմաթիվ ճանաչված ֆիլմեր և հեռուստասերիալներ՝ Բեթմենի մասին ֆիլմից մինչև «Ընկերներ» սերիալը:
Bloomberg-ի զրուցակիցները նշել են, որ Մասկի ընկերությունը մինչև հիմա դիզայներական գրասենյակ ունի Քալիֆորնիայում, թեև կենտրոնակայանը գտնվում է Թեխասում։ Միաժամանակ, առաջին անգամ չէ, որ Tesla-ն իր արտադրանքը ներկայացնում է կինոարդյունաբերության հետ կապված վայրերում։ Այսպես, 2016 թվականին ընկերությունը արևային մարտկոցով տան տանիքի մասին հայտարարել էր հոլիվուդյան ստուդիաներից մեկում։
Tesla-ն ի սկզբանե ծրագրում էր ռոբոտացված տաքսին ներկայացնել օգոստոսի 8-ին, սակայն հետագայում շնորհանդեսի ժամկետը հետաձգվեց։
Ընկերության աղբյուրը հայտնել է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը պահանջել է փոխել մեքենայի դիզայնը։ Tesla-ում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։