Թբիլիսիում բացվել է Հարավային Կովկասի առաջին «Сухой» նավահանգիստը, մինչդեռ Հայաստանի համար նախատեսված նմանատիպ ծրագիրը փաստացի «սառեցված» է։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով Հայաստանի էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Չարլզ Մալասին։
Նավահանգստի գաղափարը մշակվել է Մալասի կողմից դեռ 2011 թվականին, սակայն Հայաստանի կառավարության հետ քննարկումները սկսել են միայն 2019-ին և շարունակվել առավել ակտիվորեն 2021–2023 թվականներին՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտոնավարման ընթացքում։
2023 թվականի վերջին հոլանդական MTBS միջազգային խորհրդատվական ընկերությունը պատրաստել է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը։ 2024 թվականի հունվարին ներդրումային հանձնաժողովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ հաստատել է Շիրակի մարզում չոր նավահանգիստ կառուցելու նախագիծը։ Այն նախատեսվում էր ներառել «Աշխարհի խաչմերուկ» ռազմավարության շրջանակում, իսկ շինարարության մեկնարկը պլանավորվել էր 2024 թվականի երկրորդ կեսին։
Չնայած ակնհայտ առաջընթացին, ըստ Մալասի, 2024 թվականին ստացել է նամակ էկոնոմիկայի նախարարությունից, որտեղ նշվում էր, որ «նախագիծն իմաստ չունի, քանի դեռ Թուրքիայի հետ սահմանը բաց չէ»։ Մալասը, սակայն, այդ դիրքորոշումը կտրուկ սխալ է համարում։ Նրա կարծիքով՝ նավահանգիստն ինքնուրույն տնտեսական իմաստ ունի և կախված չէ որևէ երկրի սահմանային վիճակից։
Նախագծի արժեքը գնահատվել է 45 միլիոն դոլար, որից 37 միլիոնը՝ որպես ուղղակի օտարերկրյա ներդրում, իսկ մնացած 8 միլիոնը՝ ՀՀ կառավարության կողմից՝ հողերի ձեռքբերման և ենթակառուցվածքների ստեղծման նպատակով։
Մալասը նշել է, որ արդեն գտել էր ներդրողների, որոնք այցելել էին Գյումրի և պատրաստ էին ներդրումներ կատարել։ Նախագծի իրագործման դեպքում Գյումրիում կստեղծվեր շուրջ 2 հազար աշխատատեղ։
Հիասթափված Մալասը դադարեցրել է համագործակցությունը Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ և լքել երկիրը՝ նախագիծը փոխանցելով կառավարությանը։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում չկա մասնագետ, որը կարող է ղեկավարել այս բարդ նախաձեռնությունը։
Մալասն ընդգծում է, որ նախագիծը ոչ միայն հնարավոր էր, այլ նաև կենսունակ՝ առանց սահմանային քաղաքական կախվածության։ «Սա նրա ուժեղ կողմն էր», – ասում է նա՝ ընդգծելով, որ զարմանալի է՝ նման նախաձեռնությունը կարող է անտեսվել այդպիսի պարզ պատճառաբանությամբ։