ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով կարգավորվում է TikTok-ի գործունեությունը երկրի տարածքում։ Ընկերությունը անցնում է ամերիկյան կորպորացիաների վերահսկողության տակ և կշարունակի գործել ԱՄՆ-ում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ TikTok-ը այլևս չի օգտագործվի որպես «քարոզչական գործիք» ամերիկացիների դեմ․
«Մեզ պետք էր համոզվել, որ պաշտպանում ենք ամերիկացիների տվյալների գաղտնիությունը։ Կարծում եմ՝ մենք դա արեցինք։ Այժմ օգտատերերը կարող են օգտագործել TikTok-ը ավելի մեծ վստահությամբ, քան նախկինում»,- ասել է Վենսը։
Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ Եվրոպայում ԱՄՆ–Չինաստան առևտրային հանդիպումը «շատ լավ» է անցել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մի ընկերության շուրջ, «որը երկրի երիտասարդները շատ էին ցանկանում փրկել»։
Հիշեցնենք, սեպտեմբերի 16-ին Թրամփը արդեն չորրորդ անգամ հետաձգել էր հավելվածի արգելափակումը։ Վաշինգտոնը ByteDance-ին, որն ունի հավելվածի վերահսկողությունը, համարում է ազգային անվտանգությանը սպառնալիք։
Ըստ Reuters-ի՝ համաձայնագիրը նախատեսում է, որ ԱՄՆ-ում օգտատերերի բոլոր տվյալները կպահվեն Oracle-ի կողմից կառավարվող ենթակառուցվածքում։ TikTok-ի ալգորիթմը նույնպես կվերապատրաստվի և կգործի ԱՄՆ-ում՝ ByteDance-ի վերահսկողությունից դուրս։