Նախագահ Թրամփն իրեն դիրքավորում է որպես «գործարքներ» կնքող քաղաքական գործիչ և բիզնեսմեն, ինչն էլ առավելագույնս փորձում է կիրառել նաև այլ պետությունների հետ փոխհարաբերություններ կառուցելիս՝ որպես իր արտաքին քաղաքականության հիմնական գործիք։ Թրամփը կարծում է, որ «Make America Great Again» գաղափարն առաջ մղելու համար տնտեսական և բիզնես կապերի ամրապնդումն ու ներդրումների ներգրավումը ամերիկյան տնտեսության մեջ կարող է էական ազդեցություն ունենալ ԱՄՆ տնտեսության զարգացման համար։ Պատահական չէր, որ Թրամփի նախագահության երկրորդ շրջանի առաջին իսկ այցը տեղի ունեցավ Մերձավոր Արևելքի ամենահարուստ երկրներ (եթե չհաշվենք Վատիկան կատարած կարճատև այցը), ինչը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության ներքո։
Մերձավոր Արևելք իր այցի ընթացքում նախագահ Թրամփը մայիսի 13-16-ն ընկած ժամանակահատվածում այցելեց երեք երկիր՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Սա նախագահ Թրամփի երկրորդ նախագահության առաջին պետական այցն էր, ինչը բավական կարևոր ցուցիչ է։ Հատկանշական է, որ իր նախագահության առաջին շրջանում էլ նա իր առաջին այցը կատարեց հենց Մերձավոր Արևելք և Սաուդյան Արաբիա։ Այս անգամ Թրամփը չայցելեց Իսրայել, որտեղ դեռ տեղի են ունենում ռազմական գործողություններ Գազայում և չայցելեց Օման, որտեղ ընթանում են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունները։ Փոխարենը Թրամփը կանգ առավ երեք երկրների վրա, որոնց հետ մտադրված էր խոշորագույն ներդրումային գործարքներ կնքել։ Այցի շրջանակներում Թրամփը նախ ժամանեց Սաուդյան Արաբիա և մայրաքաղաք Ալ Ռիադում հանդես եկավ հայտարարությամբ։ Թրամփը հայտարարեց. «Այսքան տասնամյակներ տևած հակամարտությունից հետո, վերջապես մեզ արդեն հասանելի է այն ապագան, որի մասին մեզանից առաջ սերունդները կարող էին միայն երազել։ Խաղաղության, անվտանգության, ներդաշնակության, հնարավորությունների, նորարարության և նվաճումների տարածաշրջան Մերձավոր Արևելքում»։
Հետաքրքրական է, որ Թրամփը նաև անդրադարձավ Իրանին՝ նշելով, որ ինքը առաջարկում է նոր ուղիով առաջ շարժվել և չի եկել Իրանին պարզապես քննադատելու համար՝ փաստացի հայտարարելով, որ Իրանի հետ ևս երկխոսություն է ցանկանում։
Ըստ էության՝ ԱՄՆ գործընկեր՝ Ծոցի երկրների համար այս այցի հաջողության չափանիշը կարող է լինել անվտանգության տրամադրման մեխանիզմներն ու այդ թվում՝ ամերիկյան զենքի և զինամթերքի վաճառքը՝ առանց սահմանափակումների։
Իսկ Թրամփի թիմի համար հաջողությունը պայմանավորված էր լինելու խոշոր ներդրումային գործարքներ կնքելու հետ։ Թրամփը նախընտրում է «լողալ Պարսից ծոցում՝ ներդրումների հոսք ապահովելով տարածաշրջանի մշտական խնդիրների մեջ ներքաշված լինելու փոխարեն»։ Այս տեսանկյունից Մերձավոր Արևելքում մեծ մրցակցություն կա ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, և եթե ԱՄՆ-ը ուզում է հսկայական ներդրումներ ստանալ Ծոցի երկրներում, ինչպես նաև որոշակիորեն սահմանափակել այս երկրների հարաբերությունները Չինաստանի հետ, ապա Վաշինգտոնն էլ իր հերթին պետք է պատրաստ լինի վերացնել այս երկրների տեխնոլոգիական ոլորտի հետ կապված սահմանափակումները։
Ըստ էության՝ նախագահ Թրամփի այցերի հիմնաքարը խոշոր գործարքների պայմանագրեր կնքելն էր, որը նա սկսեց հենց առաջին այցելած երկրից՝ Սաուդյան Արաբիայից։ Այցի ընթացքում Թրամփը հայտարարեց Սաուդյան Արաբիայի կողմից ԱՄՆ-ում 600 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնելու հանձնառության մասին՝ կոչելով այդ գործարքները «երկու երկրների փոխհարաբերությունների համար պատմական և տրանսֆորմացիոն», որը նշանավորում է երկու երկրների միջև «նոր ոսկե դարաշրջանի» սկզբի մասին։ Այդ գործարքների թվում էր Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի պատմության մեջ զենքերի վաճառքի («defense sales») խոշորագույն պայմանագիրը՝ մոտ 142 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ։ Հենց Սաուդյան Արաբիայում Թրամփը ևս մի պատմական քայլի գնաց։ Նա հանդիպեց Սիրիայի նորընտիր նախագահ Ահմեդ ալՇարաայի հետ՝ նշանավորելով վերջին 25 տարվա մեջ առաջին հանդիպումը երկու երկրների նախագահների մակարդակով։ Հանդիպումից հետո Թրամփը դրական արձագանքեց վերջինիս մասին՝ նշելով, որ նա «երիտասարդ, գրավիչ տղամարդ է. ուժեղ տղա (tough guy)՝ ուժեղ անցյալով, շատ ուժեղ անցյալով, մարտիկ է». Ավելի ուշ Թրամփը նշեց, որ նա դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ երկրին «նոր սկիզբ» տալու համար, ինչը բավական մեծ արձագանք ստացավ Սիրիայում:
Դոնալդ Թրամփի հաջորդ միջինարևելյան կանգառը Կատարն էր։ Սա 2003թ․ ի վեր ԱՄՆ նախագահի առաջին պաշտոնական-պետական այցն է Կատար։ Վերջին անգամ, ԱՄՆ գործող նախագահը այցելել էր Կատար 2003թ., երբ Ջորջ Բուշ կրտսերը այցելեց Կենտրոնական հրամանատարության շտաբ, որտեղ ելույթ ունեցավ ԱՄՆ զինվորական անձնակազմի առջև։
Այցի օրերին Սպիտակ տան պաշտոնական էջը նախագահ Թրամփին բնութագրում էր որպես «գլխավոր գործարք կնքող», և նրա քառօրյա այցերի յուրաքանչյուր օրվա ավարտին ամերիկյան հանրությանն էր ներկայացնում խոշոր գործարքներ կնքելու վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն։ Կատար կատարած այցը բացառություն չէր։ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Կատարը կնքել են առնվազն 1.2 տրիլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագրեր, այդ թվում՝ խոշոր գործարք, որի համաձայն «Qatar Airways»-ը կգնի 210 ինքնաթիռ ամերիկյան «Boeing» ընկերությունից։ Կառավարության կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ միայն այդ գործարքի արժեքը կազմել է 96 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այնուամենայնիվ, դա ավելի քիչ էր, քան Թրամփը հայտարարել էր իր ուղևորության ընթացքում, այն է՝ 200 միլիարդ ԱՄՆ դոլար։ «Սա «Boeing»-ի պատմության մեջ ինքնաթիռների ամենախոշոր պատվերն է։ Դա բավական լավ է»,- ասաց Թրամփը՝ ստորագրելով փաստաթղթերը էմիր Ալ Թանիի հետ։ Գործարքի մեջ ներառված էին ներդրումները ԱՄՆ էներգետիկ ոլորտում, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության տեխնոլոգիաների գնումը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից, ինչպիսին է «Raytheon»-ը։
Հետաքրքրական է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարից նվեր «Boeing 747-8» ինքնաթիռ ստանալու առաջարկ է ստացել, որը պետք է ծառայի որպես նոր «Air Force One», և սրա շուրջ արդեն իսկ բազմաթիվ քննարկումներ են ծավալվում ամերիկյան քաղաքական շրջանակներում։ Այստեղ սկանդալը ոչ թե Թրամփի՝ ինքնաթիռը որպես նվեր ընդունելու պատրաստակամությունն է՝, այլ «Boeing»-ի լիակատար ձախողումը՝ Թրամփին իր առաջին ժամկետում խոստացված ինքնաթիռները մատակարարելու հարցում։ «Boeing»-ը պետք է մինչև 2024թ. մատակարարեր երկու նոր նախագահական ինքնաթիռ։ Սակայն վերջինս այժմ հայտարարում է, որ հնարավոր է չկարողանա դրանք մատակարարել մինչև 2029թ. կամ ավելի ուշ՝ Թրամփի պաշտոնաթողությունից հետո։ (Ըստ Թրամփի՝ սա ևս մի խնդիր է, որ ինքը ժառանգել է Բայդենից)։ Հասկանալի է, որ Թրամփը դիտարկում է այլ տարբերակներ՝ փոխարինելու «Air Force One»-ի դերում ներկայումս երկու ծառայող ինքնաթիռները, որոնք ծառայում են արդեն շուրջ 35 տարի։ Ըստ Թրամփի՝ «միայն հիմարը չէր ընդունի այս նվերը մեր երկրի անունից»՝ նշելով, որ նվեր ստացած ինքնաթիռը՝ «Boeing 747-8»-ը, որի արժեքը գնահատվում է 400 միլիոն ԱՄՆ դոլար, կօգտագործվի որպես «ժամանակավոր «Air Force One», մինչ նոր ինքնաթիռները պատրաստ լինեն։
Թրամփը Կատարում այցելեց նաև Ալ Ուդեյդի ավիաբազա, որտեղ տեղակայված են 10,000 ամերիկացի զինվորներ։ Ավիաբազա այցելության ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է. «Իմ առաջնահերթությունը հակամարտությունների դադարեցումն է, այլ ոչ թե դրանք սկսելը, բայց ես երբեք չեմ երկմտի օգտագործել ամերիկյան զինված ուժերը, եթե դա անհրաժեշտ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին կամ մեր դաշնակիցներին պաշտպանելու համար, և այստեղ է մեր հիանալի գործընկերներից մեկը (Կատարը)»։
Միջին Արևելքի վերջին երկիրը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելեց, Արաբական Միացյալ Էմիրություններն էին, որի ժամանակ հայտարարվեց Պարսից ծոցի այդ պետության հետ կնքված ավելի քան 200 միլիարդ ԱՄՆ դոլարի գործարքների մասին, միևնույն ժամանակ երկու երկրները նաև համաձայնեցին խորացնել համագործակցությունը արհեստական բանականության ոլորտում։ ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամեդ բին Զայիդ ալ Նահյանի հետ հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարեց այնպիսի գործարքների մասին, ինչպիսիք են «Etihad Airways»-ի կողմից 14.5 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու պարտավորությունը՝ «GE Aerospace»-ի (GE.N) կողմից արտադրված շարժիչներով աշխատող 28 ամերիկյան արտադրության «Boeing 787 և 777X»-ում։ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտը հայտարարել է, որ երկու երկրները նաև համաձայնության են եկել ստեղծել «ԱՄՆ-ԱՄԷ արհեստական բանականության արագացման գործընկերության» ծրագիր։ Համաձայնագրերը Պարսից ծոցի այս երկրին կտան ԱՄՆ-ից ստացված առաջադեմ արհեստական բանականության չիպերի ընդլայնված հասանելիություն, չնայած նրան, որ նախկինում Վաշինգտոնի կողմից սահմանափակումներ էին կիրառվել այս հարցում այն մտահոգությունների պատճառով, որ Չինաստանը կարող է հասանելիություն ստանալ այդ տեխնոլոգիային։
Թրամփի մերձավորարևելյան այցի հետաքրքրական դրվագներից մեկն էլ այն էր, որ Թրամփը չայցելեց Իսրայել։ Շատերը սա դիտարկեցին որպես ԱՄՆ վարչակազմի և Նեթանյահուի կառավարության միջև վատթարացող հարաբերությունների դրսևորում։ Ըստ որոշ փորձագետների՝ դա նշան էր, որ ԱՄՆ-ն այլևս չի դիտարկում Մերձավոր Արևելքը միայն Իսրայելի պրիզմայով։ Այդուհանդերձ, միայն այս դրվագով սխալ է հապճեպ եզրակացություններ անել։ Իսրայելը շարունակում է լինել ԱՄՆ ռազմական օգնություն ստացող առաջատար երկրներից մեկը։ Իսրայելի վարչապետը առաջին ղեկավարն էր, որը այց կատարեց ԱՄՆ՝ Թրամփի երկրորդ նախագահական պաշտոնը ստանձնելուց հետո։ Եվ բացի այդ, Թրամփը ամենայն հավանականությամբ ցանկանում է ներգրավվել Գազայի վերակառուցման և կառավարման հարցում, երբ Իսրայելը ավարտի իր ռազմական գործողությունները։
Ավելին, Մերձավոր Արևելք այս այցի ընթացքում էլ Թրամփը հանդես եկավ հայտարարություններով, որոնք արտացոլում էին Իսրայելի շահերը։ Թրամփը դատապարտեց Համասի հոկտեմբերի 7-ի հարձակումները, կոչ արեց Սաուդյան Արաբիային միանալ Աբրահամի համաձայնագրերին և զգուշացրեց Իրանին իր միջուկային նկրտումների վերաբերյալ: Բացի այդ, Թրամփը Սիրիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կոչ արեց կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները։ Իսկ երբ Թրամփին ինքնաթիռում («Air Force One»-ում) հարցրին Իսրայել չայցելելու մասին, նա պատասխանեց. «Սա լավ է Իսրայելի համար: Այս երկրների հետ իմ ունեցած հարաբերությունները… կարծում եմ՝ շատ լավ են»:
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն