Վերջին 16 տարիների ընթացքում Թուրքիայում գրանցվել է ծնելիության կտրուկ և շարունակական անկում։ Եթե 2009 թվականին ծնելիության ընդհանուր գործակիցը գտնվում էր կայուն փոխարինման մակարդակում՝ 2.1, ապա 2025 թվականի կեսերին այն նվազել է մինչև 1.36՝ փաստացի ազդարարելով խոր ժողովրդագրական ճգնաժամի սկիզբ։
Ժողովրդագրական քարտեզի «կարմրացումը» դարձել է համատարած։ Եթե նախկինում ցածր ծնելիությունը բնորոշ էր հիմնականում երկրի արևմտյան խոշոր քաղաքներին և մեգապոլիսներին, ապա այժմ գրեթե բոլոր նահանգները գտնվում են փոխարինման շեմից զգալիորեն ցածր մակարդակում։ Մասնագետները գործընթացը պայմանավորում են կենսամակարդակի բարձրացմամբ, արագ քաղաքայնացմամբ, ինչպես նաև երիտասարդների շրջանում ընտանիք կազմելու և բազմազավակ լինելու առաջնահերթությունների փոփոխությամբ։
Միաժամանակ նկատվում է հստակ էթնոաշխարհագրական տարբերակում։ Թուրքիայի թուրքական մեծամասնությամբ արևմտյան և կենտրոնական շրջանները հայտնվել են ժողովրդագրական փլուզման փուլում՝ 1.0–1.2 ծնելիության գործակցով, ինչը նշանակում է, որ սերունդների բնական վերարտադրությունն այլևս չի ապահովվում։
Ի տարբերություն այդ շրջանների՝ երկրի հարավ-արևելքում գտնվող քրդական բնակչությամբ նահանգները շարունակում են պահպանել բարձր ծնելիություն։ Մասնավորապես, Շանլըուրֆայում մեկ կնոջ հաշվով գրանցվում է միջինում 3.05 երեխա, իսկ Շըրնաքում՝ 2.46, ինչը շարունակում է գերազանցել 2.1 փոխարինման կրիտիկական շեմը։
Այսպիսով, հարավ-արևելյան շրջանները ներկայումս մնում են Թուրքիայի միակ ժողովրդագրական ակտիվ գոտին, որտեղ բնակչությունը բնական աճ է գրանցում։ Մնացած տարածքներում, հակառակը, սերունդների փոխարինումը դադարել է, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է լուրջ սոցիալ-տնտեսական և քաղաքական հետևանքներ ունենալ երկրի համար։