Թուրքիայի Ալիջան սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական աշխատանքներ՝ Հայաստանի հետ սահմանային հաղորդակցության վերականգնման նպատակով։ Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ գործընթացը իրականացվում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում։
Ըստ հրապարակումների՝ աշխատանքները նախատեսված են անցակետի փուլային բացման համար։ Առաջին փուլում նախատեսվում է Մարգարա կամրջով բեռնափոխադրումների մեկնարկը, իսկ հաջորդ փուլում՝ ուղևորափոխադրումների իրականացումը։
Նախագիծը ներառում է Կարակոյունլու շրջան տանող լրացուցիչ ավտոճանապարհի կառուցում, ինչպես նաև Իգդիրի ուղղությամբ տրանսպորտային կապերի բարելավում։ Նպատակը ենթակառուցվածքների և լոգիստիկ համակարգի արդիականացումն է՝ սահմանային անցակետի լիարժեք գործարկման համար։
Թուրքիայի կառավարության և անվտանգության ուժերի ներկայացուցիչները տեղում ուսումնասիրել են իրականացվող աշխատանքները՝ քննարկելով անվտանգության, ենթակառուցվածքների և կազմակերպչական հարցերը։