USD383.48EUR444.68RUB4.7866

Տիգրան Ավինյան․ «Հաշվում ենք՝ քանի հոգի սև ցուցակում գտնվող քարտ է մոտեցրել վալիդատորին»

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում անդրադարձել է քաղաքային տրանսպորտում չվճարողների խնդրին՝ ընդգծելով, որ նոր օրենքով նախատեսվող պատասխանատվության մեխանիզմը կարող է փոխել իրավիճակը։

«Մարդն անպատասխանատու է՝ կարող է չվճարել, չի վճարում։ Ու չի գիտակցում, որ այդ վճարումը վաղվա ավտոբուսի վերանորոգումն է, հաջորդ ավտոբուսի գնումն է, հարմարավետության ապահովումն է ողջ քաղաքի համար։ Իրեն, իհարկե, դա չի հետաքրքրի, իրեն հետաքրքրում է մի բան՝ պատասխանատվության կենթարկվի, թե ոչ։ Եթե չի ենթարկվի, շատ լավ, ինչ է եղել, որ, այդպես էլ կշարունակվի», — ասաց քաղաքապետը։

Ավտոբուսներում վերահսկողությունը խստացվում է

Քաղաքապետի խոսքով՝ բոլոր նոր ավտոբուսներում տեղադրված են վերահսկման տեսախցիկներ, ինչպես նաև աշխատում է թվային վերլուծության համակարգ, որը վերահսկում է ուղևորահոսքը և վճարման կարգապահությունը։

«Բոլոր ավտոբուսների մեջ և դռների վրա տեսախցիկներ կան, կա համակարգ, որը հաշվում է՝ քանի հոգի մտավ ավտոբուս, քանիսը դուրս եկավ։ Կա համակարգ, որ հաշվում է՝ քանի հոգի քարտ մոտեցրեց վալիդատորին, քանի հոգի ուղղակի կողքով անցավ, քանի հոգի սև ցուցակն ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին։ Մենք բավական հնարամիտ ժողովուրդ ենք, զարմացած դեմք էլ կարող ենք անել այն ընթացքում, երբ SAS-ի QR-կոդն ենք մոտեցնում», — նշեց Ավինյանը։

Տրանսպորտային համակարգում վճարման կարգապահությունը բարձրացնելու համար Երևանի քաղաքապետարանը նախապատրաստում է նոր օրենքի նախագիծ, որը նախատեսում է վարչական պատասխանատվություն չվճարողների նկատմամբ։ Քաղաքապետը վստահ է՝ պատժի անխուսափելիությունը կստիպի քաղաքացուն գիտակցել իր մասնակցության կարևորությունը՝ ոչ միայն որպես ուղևոր, այլև որպես քաղաքային ենթակառուցվածքի պահպանության համակիր։

«Խնդիրը տեխնիկական չէ։ Խնդիրը կարգապահությունն է ու պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը։ Եթե ուզում ենք ունենանք լավ տրանսպորտ՝ պետք է վճարենք դրա համար», — ամփոփեց Տիգրան Ավինյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ