Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Հարավային Կովկասում ՀՀ համար եղել և շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։
Նրա խոսքով՝ Հայաստանը առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն արդեն դրական արձագանքների է արժանացել միջազգային գործընկերների շրջանում։ Քննարկումների ընթացքում Հայաստանը ներկայացրել է նաև մի շարք առաջարկներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր կողմերի համար։
Բադալյանը նշել է, որ տարբեր միջազգային գործընկերներ նույնպես առաջարկություններ են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։
Քննարկումները շարունակվում են՝ բոլոր կողմերի համար շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժը իրացնող արդյունքների հասնելու նպատակով։