Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին ու հանդես եկել ելույթով։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Նախարար Խուդաթյանը իր խոսքում ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում տրանսպորտային համակարգերի զարգացումը կարեւոր նշանակություն ունի՝ ապահովելով կայուն սոցիալ-տնտեսական առաջընթաց և երկարաժամկետ տնտեսական աճ։
Նրա խոսքով՝ տրանսպորտային ենթակառուցվածքներին ուղղված ներդրումները ապագայի ներդրումներ են, քանի որ դրանք ավելացնում են երկրների շարժունակությունը, տնտեսական կայունությունը և մրցունակությունը։
«Հյուսիս–հարավ»-ը և նոր ռազմավարական ծրագրերը
Խուդաթյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ճանապարհային ցանցի արդիականացման ուղղությամբ։ Մասնավորապես՝ շարունակվում է «Հյուսիս–հարավ» արագընթաց մայրուղու կառուցումը, որը երկարանալու է Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման՝ ընդհանուր 556 կիլոմետր նախագծային երկարությամբ։
Նախարարը հատուկ ընդգծել է նաև կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական ծրագիրը, որի նպատակը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացումն ու զարգացումն է։ Ծրագրի առանցքային գաղափարն է՝ Հարավային Կովկասը վերածել կարևոր տարանցիկ կամրջի՝ կապելով Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը։
TRIPP-ը՝ որպես խաղաղության ու զարգացման գործոն
Խուդաթյանի խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղադրիչ հանդիսացող TRIPP ծրագրի իրականացումը կարող են դառնալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական առաջընթացի առանցքային խթաններից մեկը։
Նա նաև նշել է, որ Հայաստանը աջակցում է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու համակարգման հարթակի ամրապնդմանը և նպատակահարմար է համարում ընդլայնել այդ հարթակի գործառույթները՝ ապահովելով ավելի արդյունավետ համագործակցություն։