ԱՄՆ ընկերությունը ակնկալվում է, որ պատասխանատու կլինի TRIPP (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) ծրագրի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով։ Այդ մասին ԱՄՆ-ում կայացած հանդիպումներից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ԱՄՆ-ին կառաջարկի TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմաս, իսկ իրեն կպահի 26 տոկոսը։
«Սա 49 տարվա նախնական համագործակցություն է, որը, ինչպես միջազգային նմանատիպ պայմանագրերում ընդունված է, կարող է երկարաձգվել ևս 50 տարով, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա և համագործակցությունը արդյունավետ գնահատվի»,– նշել է Միրզոյանը։
Նախարարի պարզաբանմամբ՝ համագործակցության երկարաձգման դեպքում երկրորդ փուլում՝ 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի, Հայաստանի բաժնեմասը կավելանա՝ 26 տոկոսից հասնելով 49 տոկոսի։
Այսպիսով՝
• առաջին 49 տարիներին ԱՄՆ-ն կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս,
• երկարաձգման դեպքում՝ ՀՀ բաժնեմասը կաճի մինչև 49%։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ավելի ուշ հրապարակվել էր Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների համատեղ հայտարարությունը՝ TRIPP ծրագրի կենսագործման շրջանակի վերաբերյալ։