USD389.45EUR409.74RUB3.86

ՏՏ ոլորտը Հայաստանում ապագա ունի՞


Հետխորհրդային տարածքում տեղեկատվական տեխնոլոգիաների երբեմնի առաջատար Հայաստանի Հանրապետությունը վերջին 6 տարիներին էական հետընթաց է գրանցել։ Ընդ որում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Բալթյան և Կենտրոնական Ասիայի երկրների համեմատ։ Հայաստանից առաջ են անցել Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ղազախստանը, Բելառուսը, Ուզբեկստանը։ Հատկանշական է, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցների տակ հայտնված Բելառուսը որոշ ապրանքատեսակներ, ինչպես օրինակ պլատաներ ու մարտկոցներ, չի կարողանում ներմուծել։ Այդուհանդերձ, անգամ դա չի խոչընդոտել, որ Բելառուսը մեծածավալ նախագծեր իրականացնի այլ երկրների հետ, մասնավորապես՝ Ճապոնիայի: Իսկ Ղազախստանն այսօր առաջատարն է ամբողջ հետխորհրդային տարածքում:
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նկատում է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի հետընթացի վրա մի քանի գործոն է ազդել։ Դրանցից մեկը դոլարի արժեզրկումն է։ Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին Ռուսաստանի առնվազն 50 000 քաղաքացի ժամանեց Հայաստան, նրանց մեծ մասը՝ ԲՏ մասնագետներ։ Ռելոկատորների ներհոսքի ֆոնին Հայաստանում բնակարանների վարձակալության գների շեշտակի աճ գրանցվեց: Զուգահեռ դոլարը սկսեց արժեզրկվել ու արտասահմանից դոլարային աշխատավարձ ստացող աշխատանքային միգրանտների համար կյանքը թանկացավ Հայաստանում: 1,5 տարի անց ռելոկատորների մոտ 90 տոկոսը լքեց մեր երկիրը, տեղափոխվեց հարևան Վրաստան և Թուրքիա, որտեղ բնակարանների երկարաժամկետ վարձակալությունն աստղաբաշխական չէ՝ Հայաստանի հետ համեմատ: Տնտեսագետի խոսքով, սա այն բացասական գործոններից մեկն է, որը խրտնեցնում է ներդրողներին, այդ թվում ՏՏ ոլորտի ընկերություններին: Թաթուլ Մանասերյանը նկատում է. 2022 թվականին ՀՀ ներհոսած զգալի գումարներ 2023 թվականի վերջին արդեն աշխատանքային միգրանտների հետ միասին արտահոսեցին հարևան երկրներ։ «Կապիտալն ազգություն չի ճանաչում»,- նկատում է տնտեսագետը: Սակայն, ըստ նրա, այստեղ մեղքի մեծ բաժին ունի ՀՀ կառավարությունը: Կապիտալը երկրում պահելու համար ոչինչ չի արվել: Թաթուլ Մանասերյանի խոսքով, Հայաստանի ՏՏ ոլորտին մեծ վնաս է հասցնում հենց տնտեսական անգրագիտությունը։ ՀՀ կառավարությունը ոլորտին առնչվող տեսլական չի ձևավորել։ «Դրամի արժևորումն իհարկե շատ է ազդել, բայց ամենակարևորը տնտեսական գրագիտությունն է։ Մենք անգամ պատկերացում չունենք, թե որոնք են ՀՀ առաջնահերթությունները: Արդյոք ՏՏ-ն այդ առաջնահերթությունների մե՞ջ է: Առանց բարձր տեխնոլոգիաների մենք մրցունակ տնտեսություն չենք կարող ունենալ»,- ահազանգում է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը: Հարկ է նշել, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը խթանելու համար ՀՀ կառավարությունը աջակցության ծրագրեր է իրականացնում ՏՏ սկսնակ ընկերությունների համար: Նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտահարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: Այս ծրագիրը գործելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Բացի այդ, ՀՀ կառավարությունը քննարկում է ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթ մշակելու հարցը: Նախատեսվում է մինչև տարվա կես աշխատանքային խումբ ձևավորել, որը պետք է ձևակերպի ՏՏ ոլորտի պահանջները, սահմանի հետագա անելիքները: Բայց արդյո՞ք Հայաստանը կհասնի առաջատարի տիտղոսից իրեն զրկած երկրների հետևից: Բերենք մեկ օրինակ Հայաստանի հետ ԵԱՏՄ տիրույթում նույն հնարավորությունները կիսող Ղրղզստանից: Արհեստական բանականության կիրառման տեսանկյունից այդ երկիրը մեկ տարում թռիչքային առաջընթաց է գրանցել։ Դեռ անցած տարի աշխարհահռչակ «Ալիսա» և «Սիրի» ծրագրերը ղրղզերեն չէին խոսում, սակայն արհեստական բանականության կիրառման շնորհիվ այս տարի արդեն ոչ միայն խոսում են, այլև լուրեր են կարդում Ղրղզստանի պետական ռադիոալիքներով։ Հաջորդ քայլով Ղրղզստանի կառավարությունը մտադիր է արհեստական բանականությանը հանձնարարել սերտել Ղրղզստանի օրենսդրությունը, որը թույլ կտա իրավական կոնսուլտացիա տրամադրել քաղաքացիներին, պետական ծառայողներին և իրավապահ մարմիններին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ