Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական օպերատոր Ucom-ը և ֆիննական տեխնոլոգիական հսկա Nokia-ն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված 6G ցանցերի և արհեստական բանականության կիրառման զարգացմանը։
Համագործակցության շրջանակում կողմերը նախատեսում են համատեղ մշակել առանձին ցանցային ճարտարապետություն, ներդնել արհեստական բանականության լուծումներ ցանցային կառավարման և օպտիմալացման ոլորտում, ինչպես նաև իրականացնել դաշտային փորձարկումներ՝ 6G տեխնոլոգիայի արդյունավետությունը գնահատելու համար։
Բացի այդ, Ucom-ը և Nokia-ն մասնակցելու են միջազգային 6G ստանդարտների մշակման գործընթացին, ինչը Հայաստանին կարող է դիրքավորել որպես նոր սերնդի կապի տեխնոլոգիաների տարածաշրջանային փորձնական հարթակ։
Նշենք, որ Ucom-ի 5G ցանցը, որը նույնպես կառուցվել է Nokia-ի հետ համագործակցությամբ, այս պահին ապահովում է Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսը, դառնալով երկրի ամենալայնածավալ բջջային ցանցերից մեկը։
Ըստ մասնագետների՝ 6G-ի ներդրումը կբերի էական առաջընթաց ոչ միայն կապի արագության, այլև խելացի քաղաքների, հեռաբժշկության և արդյունաբերական ավտոմատացման ոլորտներում։