USD382.61EUR442.37RUB4.7154

Վարչապետը հանձնարարել է պատահական դասալսումներ անցկացնել նորակառույց դպրոցներում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկայում նորակառույց և հիմնանորոգված դպրոցներում կանցկացվեն պատահական դասալսումներ, նպատակ ունենալով ստուգել՝ արդյոք դպրոցներում տրամադրված գույքն ու լաբորատոր սարքավորումները լիարժեքորեն օգտագործվում են։

«Մենք նորակառույց դպրոցները հագեցնում ենք ժամանակակից լաբորատոր և մարզական գույքով, սակայն մտահոգություն ունեմ, որ այդ ամենը միշտ չէ, որ կիրառվում է կրթական գործընթացում։ Տեսնում ենք՝ թենիսի սեղանը դրված է բասկետբոլի վահանակի տակ, լաբորատոր խալաթները՝ փաթեթների մեջ, իսկ դաշնամուրները՝ պահեստում։ Սա մեր վերաբերմունքի խնդիրն է, ոչ թե մեղադրանք», — նշել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ դասալսումները կանցկացվեն առանց նախազգուշացման՝ քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության և ֆիզկուլտուրայի ժամերին, որպեսզի պարզվի՝ արդյոք դպրոցներն իրականում կիրառում են տրամադրված ռեսուրսները։

Փաշինյանի խոսքով՝ կրթական գույքը պետք է ծառայի երեխաներին, ոչ թե պահեստավորվի.

«Դաշնամուրները, լաբորատոր սարքերը, մարզագույքը պետք է օգտագործվեն։ Թող երեխաները նվագեն, փորձեն, նույնիսկ փչացնեն՝ դրա համար է դրանք տրվել»։

Վարչապետը նշել է, որ նույն մոտեցումը պետք է վերաբերի նաև դպրոցների ենթակառուցվածքներին՝ լաբորատորիաներից մինչև ցնցուղներ։

«Կառավարությունը գումար է հատկացնում, որպեսզի երեխաներն օգտվեն այդ հնարավորություններից, ոչ թե որպեսզի նկարվենք և ասենք՝ տեսեք՝ ինչ գեղեցիկ դասասենյակ ունենք։ Սա մեր վերաբերմունքի մշակույթի հարց է», — եզրափակել է Փաշինյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ