Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ այցի վերջին կանգառը եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում: Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշվել է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր:

Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար: Նշենք նաև, որ զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին: «Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից:
