Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անդրադարձել է վերջին շրջանում ջրամատակարարման և «Վեոլիա ջրի» վերաբերյալ ահագնացող բողոքներին՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ միայն սպասարկող ընկերության, այլև ամբողջ համակարգի ընդհանուր վիճակի մեջ է։
Նրա խոսքով՝ համակարգի ֆիզիկական մաշվածությունը դեռ տարիներ առաջ է արձանագրվել, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությունը համակարգի սեփականատերը չէ, այն պատկանում է պետությանը։ «Երբ համակարգը հանձնվել էր «Վեոլիա ջուրին», կորուստները գերազանցում էին 80 տոկոսը, այժմ այն մոտ 55 տոկոս է։ Սա դեռևս վատ ցուցանիշ է, սակայն առաջընթաց կա, և դա պահանջում է պետական ներդրումների շարունակություն՝ համակարգի արդիականացման և կորուստների նվազեցման ուղղությամբ»,- նշել է Մեսրոպյանը։
Նա հավելել է, որ հանձնաժողովն այս օրերին շարունակում է սերտ համագործակցել «Վեոլիա ջուրի» ղեկավարության հետ, խնդիրների լուծման ուղղությամբ։