USD379.03EUR449.83RUB4.9456

ԵՄ-ն 20 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանի զինված ուժերին

Եվրամիության անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից (European Peace Facility) Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի չափով աջակցության տրամադրմանը։ Որոշումն ընդունվել է ԵՄ խորհրդի հունվարի 28-ի նիստում, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագրության խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։

Յոզվիակի խոսքով՝ ԵՄ դեսպանները հաստատել են հիմնադրամի շրջանակում Հայաստանին մինչ օրս տրամադրված ամենախոշոր ոչ մահաբեր ռազմական օգնության փաթեթը։ Նրա գնահատմամբ՝ այս քայլը ևս մեկ ազդակ է, որ կարևոր քաղաքական գործընթացների նախաշեմին Հայաստանը շարունակում է խորացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ։

Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցության հայտը ներկայացրել էր դեռևս 2025 թվականին, սակայն այն ժամանակ գործընթացը ժամանակավորապես արգելափակվել էր Հունգարիայի կողմից։ Բուդապեշտը պահանջում էր, որ Հայաստանին հատկացվող աջակցությանը զուգահեռ նույն ծավալով օգնություն տրամադրվի նաև Ադրբեջանին։ Հետագա բանակցություններից հետո Հունգարիան փոխել է իր դիրքորոշումը՝ հնարավորություն տալով ընդունել որոշումը։

Սա Հայաստանին տրամադրվող երկրորդ աջակցությունն է Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Առաջին փաթեթը՝ 10 միլիոն եվրոյի չափով, հաստատվել էր 2024 թվականի հուլիսին և ուղղված էր Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունների բարելավմանը, ինչպես նաև ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության ուժեղացմանը։

Նոր որոշմամբ աջակցությունը կրկնապատկվել է։ Առաջնահերթ ուղղություններ են համարվել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը, լոգիստիկ համակարգերի զարգացումը, բժշկական սարքավորումների ձեռքբերումը և համապատասխան տեխնիկական ուսուցման ապահովումը։ Ծրագրի իրականացումը նախատեսված է առաջիկա 35 ամիսների ընթացքում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ