Հոկտեմբերի 12-ից Եվրոպական միությունը կսկսի աստիճանաբար գործարկել EES (Entry/Exit System)՝ կենսաչափական սահմանային վերահսկման նոր համակարգը, որը կփոխարինի անձնագրերի դրոշմանիշային ձևաչափին։
Նոր համակարգի գործարկմամբ՝ ԵՄ սահմանը հատող ճանապարհորդների դեմքերը և մատնահետքերը կսկանավորվեն, իսկ տվյալները կպահպանվեն էլեկտրոնային տվյալների բազայում։ Այս փոփոխությունը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ և Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրներից են՝ այդ թվում Հայաստանի քաղաքացիներին։
Առաջին կենսաչափական տերմինալները կգործեն հոկտեմբերի 12-ին Հռոմի Ֆյումիչինո և Միլանի Մալպենսա օդանավակայաններում, իսկ համակարգը փուլային ձևով կկիրառվի նաև Շենգենյան գոտու բոլոր օդանավակայաններում, նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։ Ամբողջական անցումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի ապրիլը։
Ինչպես է գործելու համակարգը
— Ճանապարհորդը կտեղադրի անձնագիրը տերմինալի մեջ,
— Կսկանավորվեն նրա դեմքն ու մատնահետքերը,
— Կպատասխանվեն մի քանի պարզ հարցեր։
Ամբողջ գործընթացը կտևի մոտ 1-2 րոպե, իսկ տվյալները կպահպանվեն ԵՄ տվյալների բազայում երեք տարի ժամկետով։
Համակարգը չի վերաբերում ԵՄ քաղաքացիներին և Շենգենյան գոտու մշտական բնակության թույլտվություն ունեցող անձանց, որոնք կշարունակեն անցնել ստանդարտ սահմանային հսկողությամբ։
Թեև անձնագրային դրոշմանիշները առայժմ չեն վերացվի, ԵՄ-ի համաձայն՝ դրանք ամբողջությամբ կհանվեն նոր համակարգի լիարժեք գործարկումից հետո։