Եվրամիությունը պատրաստվում է աջակցել Հայաստանին՝ 2026 թվականի ամռանը նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու և երկրի կիբեռանվտանգությունն ուժեղացնելու նպատակով։
Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում այդ մասին հայտնել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն արդեն ունի նման փորձ, օրինակ՝ Մոլդովայում, որտեղ Ռուսաստանը փորձել էր միջամտել ընտրություններին՝ ապատեղեկատվության տարածման և կիբեռհարձակումների միջոցով։
Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է հատկացնել 12 միլիոն եվրո, որը կօգնի Հայաստանին կանխարգելել ու արդյունավետ կերպով հակազդել ընտրություններին նախորդող հնարավոր հիբրիդային հարձակումներին։
Այս միջոցները կուղղվեն.
▫️ Հայաստանի համապատասխան պետական ինստիտուտների կարողությունների բարձրացմանը
▫️ Կիբեռանվտանգության ամրապնդմանը
▫️ Հիբրիդային սպառնալիքների կանխատեսման ու արձագանքման համակարգերի զարգացմանը
▫️ Քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների աջակցությանը, որոնք կարևոր դեր ունեն ապատեղեկատվության դեմ պայքարում
ԵՄ հանձնակատարը շեշտել է, որ արդյունավետ արդյունքի համար անհրաժեշտ է Հայաստանի կառավարության ակտիվ ներգրավվածությունն ու այնպիսի ինստիտուտների առկայությունը, որոնք ունակ կլինեն արժանի հակահարված տալ հիբրիդային սպառնալիքներին։