Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող և նախատեսվող ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի 2.5 միլիարդ եվրոյի։
Դեսպանի խոսքով՝ այս ներդրումները ներառում են ինչպես արդեն ընթացող, այնպես էլ նախապատրաստական փուլում գտնվող ծրագրեր։
«Սրանք ծրագրեր են, որոնք արդեն իրականացվում են կամ գտնվում են նախապատրաստական փուլում։ Օրինակ՝ Սիսիան-Քաջարան մայրուղին թունելի հետ միասին այս նախաձեռնությունների մաս է կազմում։ Սրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք ԵՄ բյուջեից, ՀՀ կառավարության վարկային ծրագրերի և այլ գործընկերների ներդրումների միջոցով՝ “Կայուն Սյունիք – Եվրոպայի թիմ” նախաձեռնության շրջանակներում», — ասել է Մարագոսը Սյունիքում։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի 2.5 միլիարդ եվրոյանոց ներդրումային փաթեթը ներառում է մի շարք խոշոր ծրագրեր՝
- «Կանաչ Երևան» նախաձեռնությունը,
- Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումները, որոնց շրջանակում գնվել են 87 MAN ավտոբուսներ,
- Երևանի 50 մանկապարտեզների վերանորոգումը,
- ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրահաղորդման գծերի բարելավմանն ուղղված ներդրումները, որոնք կօգնեն ՀՀ էլեկտրաէներգիայի շուկան բացել կանաչ էներգիայի նոր նախաձեռնությունների համար։
Մարագոսը կարևորել է Հայաստանի արևային ֆոտովոլտային էներգիայի մեծ ներուժը, նշելով, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել երկրի տնտեսության և քաղաքացիների համար։
«Սրանք հնարավորություններ են ոչ միայն բիզնեսի, այլև հայ ժողովրդի, հայկական տնտեսության և բարձրորակ աշխատատեղերի ստեղծման համար», — նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը շարունակելու է կանգնած մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով երկրին դառնալ ավելի դիմացկուն և ինքնիշխան։