USD382.95EUR450.04RUB4.6006

«Երբ բջջայինը դառնում է գայթակղիչ, գիտելիքը մնում է երկրորդ պլանում».Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է դպրոցներում բջջային հեռախոսների սահմանափակման հարցին՝ ընդգծելով, որ դրանց օգտագործումը հաճախ խանգարում է սովորելու գործընթացին։

Քաղաքապետը սոցիալական ցանցերի իր էջերում գրել է, որ դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ երեխաները կրթվում են, ընկերանում և շփվում։ Սակայն, երբ բջջայինը դառնում է ամեն պահի «գայթակղիչ», գիտելիքը և անմիջական շփումը մղվում են երկրորդ պլան։

Ավինյանը նշել է միջազգային փորձից մի քանի օրինակներ․

  • Անգլիայում բջջայինների արգելքից հետո աշակերտների քննության արդյունքները միջինը աճել են 6%-ով, թույլ առաջադիմություն ունեցողների մոտ՝ 14%-ով։
  • Իսպանիայում սահմանափակումների արդյունքում առաջընթացը համարժեք է եղել մոտ 0.7 ուսումնական տարվա արդյունքի։
  • Նորվեգիայում ոչ միայն բարելավվել են գնահատականները, այլև նվազել է հոգեբանական օգնության կարիքը։
  • Ֆրանսիայում արձանագրվել է բուլինգի և կիբերբուլինգի նվազում, իսկ երեխաները դասամիջոցներին սկսել են ավելի շատ խաղալ և շփվել։

Ավինյանը հավելել է, որ ուսուցիչները դասերը գնահատում են որպես ավելի արդյունավետ, ծնողները՝ երեխաներին՝ ավելի հանգիստ և կենտրոնացած։ Շատ աշակերտներ էլ նշում են, որ առանց բջջայինի ավելի շատ են շփվում իրար հետ։

«Մենք ուզում ենք Երևանում ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ երեխաները կսովորեն առանց ավելորդ խանգարումների, կունենան իրական ընկերական կապեր ու կզգան, որ դպրոցը գիտելիքի և վստահության տարածք է»,– գրել է քաղաքապետը։

Քննարկման շրջանակում ծնողներն ու քաղաքացիները կարող են արտահայտել իրենց կարծիքը՝

  • կողմ լինել սահմանափակումներին,
  • դեմ արտահայտվել՝ հանուն ազատության,
  • կամ առաջարկել մասնակի սահմանափակումներ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ