USD383.83EUR446.97RUB4.9027

Երևանը հյուրընկալում է մինչև 16 տարեկանների վոլեյբոլի Եվրոպայի առաջնությունը

Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կանցկացվի մինչև 16 տարեկան տղաների վոլեյբոլի Եվրոպայի առաջնությունը, որը կդառնա այս տարվա չորրորդ միջազգային մարզական մրցաշարը Հայաստանում։

Մրցաշարին կմասնակցեն պատվիրակություններ 15 երկրներից, ընդհանուր՝ շուրջ 500 մարզիկ։ Կանցկացվի 60 հանդիպում, որոնք տեղի կունենան «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա նշանակալի իրադարձություն է ոչ միայն հայկական վոլեյբոլի, այլև՝ ընդհանուր մարզական դաշտի համար։ Նա նշել է, որ առաջնության պատշաճ կազմակերպման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 130 միլիոն դրամ՝ անհրաժեշտ գույքի ձեռքբերման և մարզադահլիճների կահավորման համար։

Նախարարը ընդգծել է նաև դպրոցականների շրջանում վոլեյբոլի մասսայականացման կարևորությունը՝ որպես թիմային մարզաձևի զարգացման միջոց։ Քննարկվում է «Դպրոցականների վոլեյբոլի լիգայի» ստեղծման գաղափարը։

Հայաստանի հավաքականն այս մրցաշարի համար ձևավորվել է մոտ վեց ամիս առաջ՝ անցնելով նախապատրաստական մի քանի փուլ։ ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ թիմը գլխավորում է ռուսաստանցի փորձառու մարզիչ, և Հայաստանի հավաքականը պատրաստ է պայքարի։ Նպատակն է՝ մրցաշարում մտնել լավագույն հնգյակի մեջ, ինչը թույլ կտա մասնակցել 2026 թ. Մ17 աշխարհի առաջնությանը։

Նախարար Անդրեասյանն ընդգծել է՝ միջազգային մրցաշարերի անցկացումը ոչ միայն նպաստում է Հայաստանի ճանաչելիությանը, այլև խթանում է տեղական մարզաձևերի զարգացումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ