Երևանի քաղաքապետարանը նախաձեռնություն է ներկայացրել, որի նպատակն է սահմանափակել բջջային հեռախոսների և այլ սմարթ սարքերի օգտագործումը դպրոցներում։
Սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ առաջարկվում է 1-6-րդ դասարանների աշակերտներին ամբողջությամբ արգելել դասերի, միջոցառումների և դասամիջոցների ընթացքում հեռախոս ունենալ։ Անհրաժեշտության դեպքում սարքերը կհանձնվեն դասղեկին և կվերադարձվեն միայն դասերից հետո։
7-12-րդ դասարաններում նախատեսվում է սահմանափակ օգտագործում՝ բացառապես կրթական նպատակներով և միայն ուսուցչի հսկողությամբ։ «Սա կարող է լինել շաբաթական 1-2 անգամ, երբ հեռախոսը, պլանշետը կամ խելացի ժամացույցը կօգտագործվեն ուսումնական գործընթացում»,– ընդգծեց Խաչատրյանը։
Նախաձեռնության շրջանակում պլանավորվում է 15 դպրոցներում փորձնական մոնիթորինգ իրականացնել՝ գնահատելով սահմանափակման ազդեցությունը ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական և ուսումնական առաջադիմության վրա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշումը սկզբնական շրջանում կարող է դժգոհություն առաջացնել աշակերտների շրջանում, սակայն համոզված է՝ այն երկարաժամկետ կտրվածքով կբերի կրթության որակի և երեխաների առօրյայի բարելավմանը։