USD381.5EUR447.27RUB4.7664

Երևանի քաղաքապետարանը և Yandex Armenia-ն կհամագործակցեն՝ քաղաքային միջավայրը բարելավելու նպատակով

Երևանի քաղաքապետարանը և Yandex Armenia-ն ստորագրել են մտադրության և համագործակցության հուշագիր՝ ուղղված մայրաքաղաքի քաղաքային միջավայրի և տրանսպորտային համակարգի բարելավմանը։

«Տվյալների փոխանակում քաղաքային միջավայրի բարելավման համար» նախագիծը նպատակ ունի բարձրացնել Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետությունը և նպաստել կենտրոնացված տրանսպորտային կառավարման համակարգի ներդրմանը։

Հուշագրի շրջանակներում Yandex Armenia-ն, իր տեխնիկական և իրավական հնարավորությունների սահմաններում, Երևանի քաղաքապետարանին կտրամադրի վերլուծական տվյալներ, որոնք կարող են օգտագործվել երթևեկության կառավարման և տրանսպորտային պլանավորման գործընթացներում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանը բաց է տեխնոլոգիական գործընկերության համար և կարևորում է այնպիսի համատեղ նախաձեռնությունները, որոնք նպաստում են երևանցիների կյանքի որակի բարձրացմանը։

Իր հերթին, Yandex Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Մխիթարյանը վստահություն է հայտնել, որ տրամադրվող վերլուծական տվյալները հնարավորություն կտան արդիականացնել Երևանի տրանսպորտային համակարգը՝ կիրառելով կենտրոնացված կառավարման ժամանակակից և ինտելեկտուալ լուծումներ։

Համագործակցության շրջանակում Yandex Armenia-ն պատրաստ է տրամադրել քաղաքային շարժունակության և նավիգացիայի, փողոցների և կանգառների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի երթուղիների վերաբերյալ ամփոփված և անանունացված վերլուծական տվյալներ, որոնք չեն պարունակում անձնական տեղեկատվություն։

Այս տվյալների օգտագործումը կօգնի օպտիմալացնել երթևեկությունը, բարձրացնել հասարակական տրանսպորտի հարմարավետությունն ու կանխատեսելիությունը և ընդհանուր առմամբ բարելավել քաղաքային միջավայրի արդյունավետ կառավարումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ