Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսման համաձայն, փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ ՝ ջերմաստիճանի անկմամբ մինչև -8-ից -10°C։ Փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն, ինչը կարող է բացասաբար ազդել ճանապարհային երթևեկության, տեսանելիության և առօրյա գործունեության վրա։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչությունը, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինները ողջ նորուժով ներգրավված են լինելու ձնամաքրման աշխատանքներում։
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք տնտեսվարողներին, որ ավագանու համապատասխան որոշմամբ նրանք պարտավոր են մաքրել և բարեկարգել իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները, իսկ համատիրությունները՝ ապահովել շենքերի մուտքերի հարակից տարածքների մաքրությունը։
Հորդորում ենք վարորդներին ճանապարհային անվտանգությունն ապահովելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։