Առաջնությանն ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը:
Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մայիսի 7-11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։
«Հայաստանի մարզաշխարհի, մասնավորապես՝ կարատեի պատմության մեջ պատմական պահ է. Եվրոպայի 60-րդ առաջնությանը 54 երկրից հյուրընկալելու ենք ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Սա պարտավորեցնող իրադարձություն է մեր երկրի համար, և ՀՀ կառավարությունը ջանքեր չի խնայում լավագույնս ներկայանալու և առաջնությունը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով։ Այս քաղաքականության նպատակն է հնարավորինս նպաստել սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
«Կարատեն համընդհանուր սպորտաձև է, և ամեն անգամ այն հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ նպաստ կարող է բերել տվյալ երկրի սպորտային կյանքի զարգացմանը: Վստահ եմ՝ մարզասերները կվայելեն Հայաստանում անցկացվող այս մրցաշարը»,- ասել է Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը:
Հայաստանը հյուրընկալելու է նաև 2027 թ. Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը, ինչն առավել կնպաստի Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը: