Երևանում անցկացվել է հայ-ամերիկյան տեխնոլոգիական և նորարարական գագաթնաժողովը, որին մասնակցել են բարձրաստիճան հայ պաշտոնյաներ, ԱՄՆ փոխնախագահի պատվիրակությունը և երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արա Հայրապետյանը իր ելույթում ներկայացրել է կառավարության տեսլականը՝ Հայաստանը դարձնելու արհեստական բանականության տվյալների կենտրոնների տարածաշրջանային հարթակ։
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ արդեն իրականացվում են կոնկրետ քայլեր, այդ թվում՝ Firebirdնախագծի առաջմղումը և համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների՝ Dell-ի և NVIDIA-ի ներկայության ամրապնդումը Հայաստանում։
«Իմ ելույթում ներկայացրեցի մեր տեսլականը՝ Հայաստանը վերածել «արհեստական բանականության տվյալների կենտրոնների այգու», որը աստիճանաբար իրականություն է դառնում։ Այս համատեքստում մենք ակտիվորեն աշխատում ենք Firebird նախագծի իրականացման վրա՝ ամրապնդելով Dell-ի և NVIDIA-ի ներկայությունը մեր երկրում։ Այս գագաթնաժողովը կազմակերպվել էր հստակ նպատակով՝ խորացնել գործընկերությունները, համաձայնեցնել առաջնահերթությունները և անցնել երկխոսությունից կոնկրետ համագործակցության», – նշել է Հայրապետյանը։
Գագաթնաժողովի հիմնական նպատակն էր զարգացնել երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը և խթանել համատեղ նախագծերի իրականացումը։