USD376.32EUR439.84RUB4.7914

Երևանում կկառուցվի նոր մանկապարտեզ՝ շուրջ 180 երեխայի համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է թիվ 24 մանկապարտեզի նոր շենքի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճ։

Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող հին շենքը, որը գտնվել է վթարային վիճակում, ամբողջությամբ կքանդվի, իսկ դրա փոխարեն կկառուցվի ժամանակակից նոր համալիր։ Նոր մանկապարտեզը նախկին 3 խմբի փոխարեն կունենա 6 խումբ՝ հնարավորություն տալով 80-ի փոխարեն ընդունել շուրջ 180 երեխա։

Քաղաքապետի խոսքով՝ շինարարությունն իրականացվում է նորագույն չափորոշիչներով՝ նպատակ ունենալով ձևավորել օրինակելի ենթակառուցվածքներ նաև մասնավոր ոլորտի համար։

Ծրագիրը ֆինանսավորվում է համայնքային բյուջեից։ Շենքը կհամալրվի ժամանակակից ինժեներական համակարգերով՝ ներառյալ ջեռուցում, օդափոխություն, հակահրդեհային և տեսահսկման համակարգեր։

Նախագծով նախատեսվում է նաև՝

• տանիքում տեղադրել 20 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ և արևային ջրատաքացուցիչ,

• կառուցել նոր կաթսայատուն,

• բարեկարգել բակը՝ ստեղծելով կանաչ գոտիներ, խաղահրապարակ, զրուցատաղավարներ և հանգստի գոտիներ,

• անցկացնել ոռոգման և արտաքին լուսավորության համակարգեր։

Նոր մանկապարտեզը նպատակ ունի զգալիորեն ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը մայրաքաղաքում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ