Երևանի կենտրոնում՝ Միսակ Մանուշյանի անվան այգիում, նախատեսվում է կառուցել ժամանակակից հանրային խաղահրապարակ։ Նախագիծն իրականացվում է Կերոն զարգացման հիմնադրամի և Paper Storyի համագործակցությամբ՝ Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ։
Մոտ 700 քառակուսի մետր տարածքում նախատեսվում է տեղադրել մինչև 6 մետր բարձրությամբ խաղային կառուցվածք, ինչպես նաև ինտերակտիվ տարրեր՝ նվիրված ֆիզիկային, աստղագիտությանը և ճարտարագիտությանը։
Նախագիծը հանդիսանում է քաղաքում նոր հանրային տարածքների ստեղծման նախաձեռնությունների շարքի երրորդ փուլը։ Ավելի վաղ նմանատիպ խաղահրապարակներ արդեն բացվել են Օղակաձև այգում և Խաչքարերի այգում։
«Հայ գյուտարարներ․ գիտությունը ներսից դուրս» հայեցակարգով ձևավորված խաղահրապարակը միավորում է կրթությունն ու խաղը՝ նախատեսված լինելով 3-ից 12 տարեկան երեխաների համար։ Այն նպատակ ունի նպաստել երեխաների ֆիզիկական, սոցիալական և մտավոր կարողությունների զարգացմանը, ինչպես նաև խաղի միջոցով խթանել գիտության հանդեպ հետաքրքրությունը։
Նախագծի ճարտարապետական լուծումներն ու դիզայնը մշակվել են UrUrban Studioի կողմից, իսկ շինարարական աշխատանքները կիրականացնի DS Vent ընկերությունը։ Խաղահրապարակի բացումը նախատեսվում է 2026 թվականի գարնանը։