Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացրել է նորարարական նախագիծ՝ ուղղված դպրոցականների կրթության զարգացմանը։ Խոսքը «Երևանի գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա» (STEAM) կենտրոնի ստեղծման մասին է։
Այս կրթական հարթակը կդառնա մի վայր, որտեղ միավորվում են գիտությունն ու տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու արվեստը, ձեռներեցությունն ու ստեղծարար մտածողությունը։ Կենտրոնը նախատեսված է ապագայի նորարարներին կրթելու և ոգեշնչելու համար։
Նախագծով նախատեսվում է կառուցել լաբորատորիաներ՝ նվիրված բնական գիտություններին, ծրագրային ու ապարատային ճարտարագիտությանը, ստեղծել ստեղծագործական արհեստանոցներ և ժամանակակից թվային սենյակներ։ Բացի կրթական գործառույթից, կենտրոնը հնարավորություն կտա Երևանին դիրքավորվել որպես տարածաշրջանի տեխնոլոգիական և մարդկային ներուժի զարգացման առաջատար կենտրոն։
Տիգրան Ավինյանը ևս աջակցել է այս նախաձեռնությանը՝ ընդգծելով դրա ռազմավարական կարևորությունը մայրաքաղաքի և ամբողջ երկրի զարգացման համար։