ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 30-ին հաստատել է «LIGA Insurance» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերումը ավստրիական GRAWE Group-ի և C-Quadrat ներդրումային ընկերության կողմից։ Գործարքի համաձայն՝ GRAWE Group-ը ձեռք է բերել բաժնետոմսերի 75%-ը, իսկ C-Quadrat-ը՝ 25%-ը։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ սա ռազմավարական նշանակություն ունեցող քայլ է հայկական ապահովագրական շուկայի համար, քանի որ այն նշանավորում է միջազգային հեղինակություն ունեցող եվրոպական ապահովագրական խմբի առաջին մուտքը Հայաստան։ Գործարքը նոր հնարավորություններ է ստեղծում ապահովագրական ապրանքների, հատկապես կյանքի ապահովագրության զարգացման համար, որտեղ GRAWE-ն ունի զգալի փորձ։
Միջազգային խմբի կազմում ընդգրկվելը նաև հնարավորություն կտա բարելավել վերաապահովագրության պայմանները Grawe Re-ի միջոցով՝ բարձրացնելով ընկերության կայունությունը և ռիսկերի կառավարման արդյունավետությունը։ Ակնկալվում է, որ «LIGA Insurance»-ը կկարողանա ավելի ակտիվ մասնակցել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային նախագծերի ապահովագրությանը, այդ թվում՝ «Աշխարհի խաչմերուկ» ծրագրի շրջանակներում։
Սկզբնական փուլում կպահպանվի «LIGA Insurance» ապրանքանիշը՝ հնարավոր է «GRAWE Group-ի անդամ» նշումով։ Հետագայում կարող է քննարկվել լիարժեք վերաբրենդավորումը՝ հաշվի առնելով հաճախորդների և աշխատակիցների շահերը։ Ներդրողները նաև նախատեսում են զարգացնել թիմի կարողությունները՝ կազմակերպելով ուսուցում և եվրոպական փորձի փոխանցում։
Առաջիկայում GRAWE-ն և C-Quadrat-ը ծրագրում են ներկայացնել ոչ միայն կյանքի ապահովագրության, այլև փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված նոր արտադրանքներ, ինչպես նաև քննարկել գյուղատնտեսական ապահովագրության և անշարժ գույքի ներդրումների ուղղությունները։ Միաժամանակ, Կենտրոնական բանկը պատրաստում է օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է պարզեցնեն կյանքի ապահովագրության շուկայի զարգացումը՝ ներդնելով «համընդհանուր լիցենզիա», որը թույլ կտա մեկ ընկերությանը գործել և՛ կյանքի, և՛ ոչ կյանքի ապահովագրության հատվածներում։