Նրանք քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Մոսկվայի հետ առանց Եվրոպայի մասնակցության բանակցություններ վարելու մտադրության վերաբերյալ հետագա քայլերը։ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն նշել են, որ անհրաժեշտ է ավելացնել պաշտպանական ներդրումները, ինչպես նաև Ուկրաինային տրամադրել հուսալի անվտանգության երաշխիքներ։
Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու Եվրամիության ներկայացուցիչները։
«Պատրաստ ենք և լի ցանկությամբ։ Ահա թե ինչ տպավորություն ունեմ այսօր Փարիզում կայացած հանդիպումից։ Եվրոպան պատրաստ է և ցանկանում է առաջ քայլ անել։ Վերցնել նախաձեռնությունը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում։ Պատրաստ ենք զգալիորեն մեծացնել ներդրումները մեր անվտանգության մեջ։ Մանրամասները դեռ պետք է հստակեցվեն, սակայն պարտավորությունները պարզ են»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սոցիալական ցանցում։
Նույն գաղափարն արտահայտել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը կազմակերպել էր հանդիպումը Փարիզում։
«Եվրոպացիները պետք է «ավելի լավ, ավելի շատ և միասին» ներդրումներ կատարեն պաշտպանության ոլորտում՝ ինչպես այժմ, այնպես էլ ապագայում։ Դրա համար եվրոպացիները ցանկանում են արագացնել իրենց ինքնիշխանության, անվտանգության և մրցունակության ապահովման ծրագրի իրականացումը։ Աշխատանքը կշարունակվի՝ հիմք ընդունելով Եվրահանձնաժողովի առաջարկները՝ ինչպես Ուկրաինայի աջակցության, այնպես էլ մեր պաշտպանության զարգացման և ներդրումների ուղղությամբ»,– հայտարարել է Մակրոնը։
Նա նաև հայտնել է, որ Փարիզում կայացած բանակցություններից հետո հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հետ։
«Մենք ձգտում ենք Ուկրաինայում հաստատել կայուն և երկարատև խաղաղություն»,- ասել է նա։