(տանը)
Երևանն ինձ ապշեցրեց։ Այսքան ջերմություն՝ երեք ամբողջ օր, բոլորից, ամեն կողմից։ Զարմանալի երկիր է, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ գլխումս միևնույն միտքն էր պտտվում՝ «ինչպե՞ս եղավ, որ երբեք չեմ եղել այստեղ»։ Իմ տարիքում նման «հայտնագործություններ» անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում։
Իսկ համերգը… դա ավելի շատ մեծ հավաքի էր նման։ Անհավանական պատմություններ՝ աղջկա մասին, ով Նոր Զելանդիայից էր ժամանել, մեկ ուրիշի՝ Ճապոնիայից, թեև ասում էր, որ հաճախ է թռչում։ Մոսկվայից, Պետերբուրգից, Ուֆայից, իհարկե, ամբողջ կազմով ֆան-գոտին։ Եւ մարդիկ՝ անցյալից, որոնք հանկարծ հայտնվեցին շատ տարիներ անց ու արթնացրին հիշողություններ և մոռացված զգացմունքներ։
Բայց համերգը… գուցե կարելի էր ավելի լավ անել, բայց ես հաճախ եմ այդպես մտածում։ Վերջում, ամեն ինչ վերածվեց ոչ թե նոտաների ու ձայների, այլ հանդիպման՝ երկար սպասված, բարի հանդիպման։ Երբ հետո հիշում ես ու մտածում՝ «շատ լավ էր»։
Երեք բան հիշեցի՝
Երկու տուն լեռան վրա՝ ստադիոնի դիմաց, որոնց լուսավորված պատուհաններն ամբողջ համերգի ընթացքում ինձ էին նայում։ Անտանելի գեղեցիկ մետաֆորա էր, պարզապես տեսարանն ինքնին՝ եզակի էր։ Վերջին երգը՝ վերջում իմպրովիզը։ Ես միշտ սիրել եմ իմպրովիզները, բայց հիմա ավելի ու ավելի հազվադեպ եմ անում։ Այս անգամ ստացվեց։ Գագիկը՝ երեկոյի անկասկած հերոսը։ Խիզախ ու զգայուն։ Արմենիայի քվինտէսենցիան 🙂 Մարդիկ ասում են և գրում՝ «հիասքանչ համերգ էր», բայց հենց դուք էիք, որ այն այդպիսին դարձրիք։ Հավաքվելով մի վայրում, բաց երկնքի տակ, զգացմունքները կիսելով միմյանց հետ։ Կարծում եմ՝ հենց դա է հուզում՝ գիտակցումը, որ դուք շատ եք, որ այս մարդիկ շուրջդ այդ երկու ժամում քո ընկերներն են։
Շնորհակալություն, Երևան, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ՝ այսքան բարի վերաբերմունքի համար։ Հավատացած եմ՝ յուրաքանչյուր արտիստ իր հանդիսատեսին է լավագույնը համարում, բայց կարծես թե իմ հանդիսատեսը մի փոքր ավելի լավն է։
Հաջորդ օրը՝ համերգից հետո, Արարատը «բացվեց», ամբողջ լեռը երևաց։ Ասում են՝ ամռանը դա հազվադեպ է լինում։
P.S. Ինչպե՞ս ստացվեց, որ երբեք այստեղ չեմ եղել…