ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել՝ կապված նոր տարածվող խարդախ սխեմայի հետ։
Նշվում է, որ անհայտ անձինք զանգահարում են՝ ներկայանալով բջջային օպերատորների անունից, մասնավորապես՝ Ucom, Team Telecom Armenia կամ Viva Armenia, և առաջարկում են ներբեռնել հավելված՝ իբր կապի որակը բարելավելու նպատակով։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ նման առաջարկները խարդախության դրսևորումներ են․ ներբեռնվող ծրագրերի միջոցով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ քաղաքացիների բանկային հաշիվներին։
Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ նման դեպքերում անհրաժեշտ է չհետևել կասկածելի հրահանգներին, չներբեռնել անհայտ ծրագրեր և չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, քանի որ դա կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների հափշտակության։